ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

2. Թրամփի 4 ամենավտանգավոր որոշումները, որ կարող են փոխել Մերձավոր Արևելքի ապագան

2. Թրամփի 4 ամենավտանգավոր որոշումները, որ կարող են փոխել Մերձավոր Արևելքի ապագան
21.01.2020 | 12:06

(Նախորդ մասը)


Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալը


Սուլեյմանիին սպանելու հրամանն առաջինը չէր Իրանին հակազդելու Թրամփի շարքում՝ նպատակ ունենալով սրել իրավիճակը Մերձավոր Արևելքում: Դրան նախորդել էր ճակատագրական որոշումը՝ նորից բոլոր խաղաքարտերը խառնել Իրանի հետ գործերում, երբ եվրոպացիներին ու ամերիկացիներին տասնամյակներ էին պետք եղել կարգավորելու իրանական միջուկային դոսիեն: Պատմությունը սկսվու է 1957-ից, երբ շահ Ռեզա Փեհլևին համաձայնագիր ստորագրեց ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրում համագործակցության վերաբերյալ: Ամեն ինչ հարթ էր, քանի դեռ չէր բռնկվել իսլամական հեղափոխությունը, որ գահընկեց արեց շահին: 1979-ին նոր վարչակարգ, որ ամերիկացիներին մղեց համաձայնագրի բեկանմանը ու Իրան հարստացված ուրանի մատակարարման դադարեցմանը: 1996-ին ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը Իրանի դեմ էմբարգո սահմանեց: Համաձայնագրի բեկանումից ու ԱՄՆ-ի ու արևտմտյան այլ պետությունների պատժամիջոցներից հետո Իրանը առաջ գնաց իր միջուկային ծրագրի զարգացման մեջ՝ դառնալով Արևմուտքի անհանգստության պատճառը: Իրանի հետ բանակցությունների երկար տարիներից հետո ստորագրվեց միջուկային համաձայնագիր, որի կողմերն էին ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը, Ռուսաստանն ու Գերմանիան: Համաձայնագիրը ստորագրվեց 2015-ին, երբ բանակցող կողմերը գտան բոլորին բավարարող բանաձև, որ ազատում էր Իրանին տնտեսական ու այլ պատժամիջոցներից՝ միջուկային ծրագիրը խաղաղ նպատակներով օգտագործելու պարտավորության դիմաց: Մշակվեցին վերահսկողության մեխանիզմներ, որ երաշխավորեն համաձայնագրին Իրանի հավատարմությունը: Համաձայնագիրը ներառում էր ցենտրիֆուգների մեծ մասից հրաժարում, միջուկային պահուստների 97% հրաժարում և ուրանի հարստացման մակարդակի իջեցում, որ ամբողջությամբ զրկեց Իրանին միջուկային մարտագլխիկներ արտադրելու հնարավորությունից:


Կողմերը ողջունեցին գործարքը: ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Բարաք Օբաման ասաց. «Իրանի հետ համաձայնագիրը կանգնեցրեց Մերձավոր Արևելքում միջուկային զենքի տարածման գործընթացը»: Սակայն այդքան տարիների ջանքերից հետո Թրամփը մերժեց համաձայնագիրը և 2018-ի մայիսին դուրս եկավ համաձայնագրից, թեպետ ավելի ուշ վերադարձավ հարցին՝ պահանջելով միջուկային նոր գործարք՝ որ «աշխարհն ավելի անվտանգ դարձնի»: Համաձայնագրից դուրս գալու որոշումը նորից ցնցեց տարածաշրջանը և մղեց Իրանին հրաժարվել իր պարտավորություններից ու ավելի շատ ցենտրիֆուգներ ստեղծել ուրանի հարստացման համար: Իրավիճակն ավելի բարդացրեց Սուլեյմանիի սպանությունը, որ հարկադրեց Իրանի ղեկավարությանը հայտարարել միջուկային համաձայնագրով մյուս պարտավորությունների կրճատման և առանց որևէ սահմանափակման ուրանի հարստացման ցանկության մասին: Մուհամեդ ալ Մինշավին Իրանի միջուկային ծրագրի ապագայի և նոր համաձայնագրի շուրջ պայմանավորվելու Թրամփի ցանկության մասին ասաց. «Տնտեսական բարդ պայմանները, որոնցում հայտնվել է Իրանը, կարող են մղել բանակցելու: Չնայած ներկա էսկալացիային, Թեհրանը հույս ուներ, որ Թրամփի իշխանության գալը վերջ կդնի ամերիկյան թշնամությանը իրանցիների նկատմամբ: Այլ խոսքով՝ եթե Թրամփը մնա իր պաշտոնում, իսկ նրա վերընտրվելու շանսերը մեծ են, չնայած Ռուսաստանի ու Ուկրիաինայի հետ սկանդալներին, դա կարող է Թեհրանին մղել բանակցությունների»:
Sasapost (Եգիպտոս)


Հ.Գ. Իրականում Իրանի հետ վեցնյակի միջուկային համաձայնագրից դուրս գալը ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև Եվրոպայի անվտանգությունն է վտանգում՝ խորացնելով ԱՄՆ-ԵՄ հակասությունները: Թրամփը հերթով դուրս է գալիս Օբամայի ու դեմոկրատների կնքած համաձայնագրերից: Դժվար է հավատալ, որ Իրանում հույս ունեին, որ Թրամփը ամերիկացիների թշնամությունը կնազեցնի իրանցիների նկատմամբ՝ ընտրարշավի ժամանակ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը խոստանում էր Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալ՝ անվանելով հիմար ու ԱՄՆ-ի շահերին դեմ, նրա կարծիքով՝ համաձայնագրում պետք է ներառվեր Իրանի հրթիռային ծրագիրը, ու Իրանը պահպանել է միջուկային զենք ստեղծելու բոլոր հնարավորությունները: Դոնալդ Թրամփի երկրորդ նպատակը մեծ միջուկային համաձայնագիրն է, որ ներառում է նաև Չինաստանը: Պեկինի հետ առևտրային պատերազմները Չինաստանին համաձայնության դաշտ բերելու նպատակ ունեին, բայց աշխարհի երկրորդ տնտեսությունն ունեցող Չինաստանը դիմակայեց ու հարկադրեց դադարեցնել առևտրային պատերազմը՝ պահպանելով նաև որևէ համաձայնագիր չստորագրելու իր դիրքորոշումը: Ստացվեց, որ Թրամփը արագացրեց Իրանի միջուկային զենքի ստեղծումը՝ չհասնելով Իրանում իշխանափոխության: Բայց փոփոխությունների ալիք Իրանում, այնուամենայնիվ, բարձրանում է, ժամանակի հարց է, թե ով կհաղթի՝ կրոնապետության մոլլանե՞րը, թե՞ ժամանակակից աշխարհիկ պետության ջատագովները: Իսկ ԱՄՆ-ի երրորդ ճակատագրական որոշումը եգիպտացիները համարում են ԱՄՆ-ի ու Սիրիայի լավագույն բարեկամներ քրդերից հրաժարվելը, բայց այդ մասին՝ հաջորդիվ:

(շարունակելի)
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3193

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ